Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Սերժ Սարգսյանի հարցազրույցը Վլադիմիր Պոզների հետ

Սերժ Սարգսյանի հարցազրույցը Վլադիմիր Պոզների հետ
28.04.2015 | 12:54

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանցի անվանի լրագրող Վլադիմիր Պոզներին:
Պոզների դիտարկմանը, որ 1915-1923 թթ. ընթացքում 1,5 մլն հայ է սպանվել, և հարցին` Հայոց ցեղասպանությունից անմիջականորեն տուժե՞լ են Սերժ Սարգսյանի նախնիները, նախագահը պատասխանում է՝ ոչ, չնայած Հայոց ցեղասպանությունը չի շրջանցել գրեթե ոչ մի հայ ընտանիքի: Նախագահը հիշել է իր տատի հուշերը, որոնց համաձայն՝ թե իրենց, թե հարևան գյուղերում բազմաթիվ հայ փախստականներ են եղել` ցեղասպանություն վերապրածներ: Պոզները հիշել է, որ 1915-ի մայիսին Անտանտի երկրները մարդկության դեմ հանցագործություն են որակել կատարվածը և խոստացել պատժել մեղավորներին, սակայն առաջին ճանաչումը և դատապարտումը տեղի է ունեցել միայն 1965-ին՝ ՈՒրուգվայի կողմից: Պոզները իր զարմանքն է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պես երկրները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պոզները հարցրել է Սարգսյանին, թե նրա ընկալմամբ՝ ինչո՞ւ հենց այդ երկրներն առայժմ չեն ճանաչել Եղեռնը: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ հասկանում է այդ երկրների դիրքորոշումը, սակայն չի ընկալում: Սարգսյանի բնորոշմամբ՝ այդ երկրների համար իրենց ազգային շահերը ավելի կարևոր են, քան համամարդկային արժեքները, իսկ «ազգային շահերը» ենթադրում են «Թուրքիային չնեղացնելը»: Սերժ Սարգսյանը փաստել է, որ ԱՄՆ-ի 51 նահանգներից 44-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ի նախկին նախագահները արտասանել են «ցեղասպանություն» բառը, ինքը` Օբաման սենատոր եղած շրջանում դատապարտել է ԱՄՆ-ի իշխանությունների` Հայոց ցեղասպանությունը հավուր պատշաճի չճանաչելու համար: Իսրայելի գործող նախագահը պատգամավոր եղած շրջանում պայքարել է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման, բայց իբրև նախագահ փոխել է «լեքսիկոնը»: Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ցանկացած հանցագործություն չբացահայտվելու և չդատապարտվելու դեպքում ծնում է նորերը` Հայոց ցեղասպանության անպատժելիությունը՝ ծնեց հրեաների հոլոքոստը, որ տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանությունը չդատապարտելու հետևանքով: Ապագայում հանցագործությունների կանխարգելման ամենաուժեղ գործիքը անցյալում կատարված հանցագործությունների ճանաչումն է. արձանագրել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով արևմտյան հասարակություններում Հայոց ցեղասպանության՝ համեմատաբար ավելի քիչ ճանաչված լինելու մասին` հոլոքոստի և Կամբոջայի ցեղասպանությունների ֆոնին, Պոզները հարցրել է, թե ինչու է այդպես: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` դա հնարավոր է՝ կապված է նրա հետ, որ Իսրայել պետությունը գոյություն ունի արդեն 70 տարի, և հոլոքոստի մասին խոսում են ոչ միայն հրեաները, այլև՝ պետությունը: Իսկ հայերը պետականորեն նման լիարժեք հնարավորություն ունեն 20 տարի: Այնինչ նախկինում հայ առաջնորդները հնարավորություն չեն ունեցել բարձր ատյաններից խոսել Հայոց ցեղասպանության մասին: Սարգսյանը համաձայնել է Պոզների դիտարկմանը, թե Խորհրդային Միությունն էլ Հայոց ցեղասպանությունը «չբարձրաձայնելու» իր դրդապատճառներն ուներ: Խոսելով ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության մասին՝ Պոզներն արձանագրել է արարողության հանդիսավորությունը, մարդաշատությունը:
Պոզների հարցադրմանն ի պատասխան` Սերժ Սարգսյանը ասել է, որ Էրդողանը ևս հրավիրվել է Երևան՝ Ապրիլի 24-ին միասին հիշելու զոհերին, նրանց հարգանքի տուրք մատուցելու և այդ կերպ միասին այնպես անելու, որ ապագայում նման հանցագործություններ չկրկնվեն: Սերժ Սարգսյանը կարևորել է այն ազդանշանը, որ Ապրիլի 24-ին Էրդողանի այցը Երևան կարող էր հղել թե հայերին, թե թուրքերին:
Պոզները կարծիք է հայտնել, որ ի սկզբանե էլ ակնհայտ էր` Էրդողանը չի գա: Ի պատասխան Սարգսյանն ասել է, որ Էրդողանի այցը ամբողջությամբ չի բացառել, քանի որ նախկինում շփման նախադեպ է եղել Թուրքիայի նախագահ Գյուլի հետ` «ֆուտբոլային դիվանագիտության»: Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ այսօրվա Թուրքիան մեղավոր չի համարվում օսմանյան Թուրքիայի ոճրագործության համար, սակայն ժխտմամբ Թուրքիան հանցակից է դառնում: Սարգսյանը նկատել է, որ իր ցանկությունն է, որ թուրքերը կարողանան դեն նետել այդ բեռը, որը կրում են:
Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանը պաշտոնապես երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային` Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչման համատեքստում: Սակայն, ըստ Սարգսյանի, պահանջատիրությունը կլիներ հարցի երկրորդ կողմը, իսկ առաջնայինը ճանաչումն է: Անկեղծորեն, գիտակցված, առանց ճնշումների ճանաչումը Սերժ Սարգսյանը ավելի կարևոր է համարում: Նա բարձր է գնահատում Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը, նա Գերմանիային մեղսակից էր համարել Հայոց ցեղասպանությանը: Ելույթը ցույց է տալիս, որ Գերմանիայի նախագահը ժողովուրդների հարաբերություններով մտահոգ առաջնորդ է: ՀՀ նախագահը շեշտադրում է պատասխանատու մոտեցումը, քանի որ Հայաստանը միջազգային հանրության պատասխանատու մաս է: Նա հիշեցնում է նաև, որ պատմականորեն էլ Հայաստանը առանց նախապայմանների շփման կողմնակից է եղել, ինչը արտահայտվել է ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում:
Սերժ Սարգսյանը հաստատում է Պոզների դիտարկումը, թե ժամանակին Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հրաժարվել է իր հետ Թուրքիա մեկնել: Սարգսյանն ասում է, որ Հայաստանում հասարակության շրջանումը մոտեցումները հայ-թուրքական հաշտեցման գործընթացին միանշանակ չէին: Հայաստանից դուրս եղել է էլ ավելի մեծ քննադատություն: Այդ նպատակով էլ ժամանակին մեկ շաբաթ շարունակ Սարգսյանը ստիպված է եղել այցելել խոշոր հայկական համայնքներ ամբողջ աշխարհում և բացատրել, թե ինչու է բանակցում թուրքերի հետ:
Պատասխանելով Պոզների դիտարկմանը, որ ժամանակին Սերժ Սարգսյանն ինքն է եղել ազատագրման պայքարի առաջնորդներից մեկը Ղարաբաղում, իսկ խնդրի լուծումը հնարավոր է տեսնեն հաջորդ սերունդները, նախագահը վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը կկարգավորվի շուտով և ականատես կլինի ներկայիս ժողովուրդը:
Պոզները հիշել է մեկ տարի առաջ նախագահի` արգենտինական պարբերականին տված հարցազրույցը, երբ ցավով էր խոսել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին: Այժմ խոսելով Հայաստանի մարտունակության և հնարավոր պատերազմի բռնկման մասին` նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մարտունակ բանակ ունի և որ այդ մարտունակությունն ապահովվում է նաև մեր ռազմավարական գործընկերների շնորհիվ, իսկ նրանց թվում առաջինը Ռուսաստանն է: Որպես հիմնական ցավալի կետ Պոզների հետ զրույցում նախագահն ընդգծել է հոգեբանական գործոնը, «երբ հայ զինվորը գիտի, որ իր վրա կրակում են Ռուսաստանից գնած զենքով»: «Դա շատ ցավալի է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացի տապալման մասին` Սերժ Սարգսյանը նկատում է, որ հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ է կանչել թուրքական կողմին հասկացնելու, որ Հայաստանը մտադիր չէ հավետ սպասել Թուրքիայում փաստաթղթի վավերացմանը: Նա այդ քայլը քաղաքական, ոչ իրավական քայլ է որակում: Անդրադառնալով փաստաթղթերի վավերացմանը, Սերժ Սարգսյանն ասում է. «Այդ փաստաթղթերը ստորագրվել են արտգործնախարարների, ՄԱԿ-ի 3 մշտական անդամների ներկայությամբ, և ասվել է, որ ուժի մեջ են մտնում խորհրդարանի կողմից նախաստորագրվելուց հետո: Եվ մենք հայտարարեցինք, որ երբ Թուրքիայի խորհրդարանը նախաստորագրի, մեր խորհրդարանը մի քանի ժամում կանի նույնը: Ինչո՞ւ մենք դա արեցինք, քանի որ հնչեցին կարծիքներ, որ Թուրքիայի խորհրդարանը չի անի, որ կսպասի քաղաքական հարմար պահի, այդ պատճառով մենք հայտարարեցինք, որ պարզապես կսպասենք: Եթե թուրքական կողմը նախաստորագրի, մենք էլ նույնը կանենք: Մեր կողմից միակողմանի ստորագրումը սխալ մոտեցում կլիներ»:

Տեսանյութ

Познер. Серж Саргсян
Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ